Рубрика: Մայրենիի մոլորակ

Կարդում ենք Համո Սահյան

  1. Մայրամուտ

 

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

Անտառն արևի բեկբեկուն մի շող

Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,

Վիզը երկարել ու ջուր է խմում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,

Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ

Ոսկե բոցի պես թևը ծիծառի…

Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ

Թող մայրամուտը մի քիչ երկարի:

 

Հարցեր և առաջադրանքներ՝

 

  • Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

 

Այդ դեպքում պետք է դուրս գրեմ ամբողջ բանաստեղծությունը:

 

  • Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

 

Ես սիրում եմ օրվա բոլոր պահերը: Դա այդպես է, որովհետև ամեն մեկը մյուսից տարբերվում է և իր մեջ ունի միայն իրեն հատուկ գեղեցկություն: Բայց եթե ավելի երկար մտածեմ, ապա կստացվի, որ երևի ամենաշատը սիրում եմ մթնշաղը: Կարծում եմ, որ ինչ – որ կոնկրետ պատճառ չեմ կարող ասել: Ուղղակի սիրում եմ այդ կիսախավարը, իր հաղորդող հանգստությունը, խաղաղությունը, լռությունը և գեղեցկությունը: Այդ ամենը ինձ հաղորդում է մեկ այլ տրամադրություն և հանդարտություն…

 

  1. Ժայռից մասուր է կաթում

 

Կարմիր սարսուռ է կաթում,

Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,

Հասկանալի է այնպես,

Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,

Բայց երբ թռչում է քարից,

Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,

Սերս եկել է ջրի,

Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Աշուն է, ուշ է:  

 

Հարցեր և առաջադրանքներ՝

 

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

 

Կարծում եմ, որ այստեղ սարսուռ բառը օգտագործվել է փոխաբերական իմաստով:

 

Սարսուռ – ջրի վետվետանք, ծփանք:

 

Երկնչել — Վախենալ, երկյուղ կրել:

 

  • Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):

 

Այս բանաստեղծության մեջ անձնավորված է առուն:

 

  • Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝Ժայռից մասուր է կաթում…

 

Հեղինակը հեռվից ժայռերին, մասրենիներին նայելով, ստացել է այդպիսի տպավորություն: Նա այդպես է նկարագրում աշնանային պետկերը:

 

  • Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

 

Ժայռից մասուր է կաթում

Կարմիր սարսուռ է կաթում

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,

Հասկանալի է այնպես,

Նա երկնչում է քարից,

Առուն ինչպես կլռի,

 

  • Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:

 

Խոսքի պատկերավորման միջոցներն են`

Մակդիրը, համեմատությունը, փոխաբերությունը, անձնավորումը, չափազանցությունը և նվազաբերությունը:

 

  1. Ամպրոպից հետո

 

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

 

Հարցեր և առաջադրանքներ՝  

 

  • Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

 

Բանաստեղծության մեջ ասվում է, որ ամպրոպից հետո ամեն ինչը ստանում է ավելի վառ գույներ, թարմանում է և ավելի է գեղեցկանում: Որ կենդանիները ավելի աշխույժ և ավելի սրտով են իրար կանչում: Որ երկինքը լինում է ավելի պափծառ, իսկ արևը ավելի վառ է լինում: Որ մարդիկ և կենդանիները ուրախ են լինում այդ ամենի վերջանալուն: Եվ որ մարդիկ իրար ավելի լավ են հասկանում:

 

  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

 

Կապույտ երկինք, կանաչ խոտեր, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խոր ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, բարի արև, հասկանալի աշխարհ:

 

  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

 

Կրկնվում է << ամպրոպից հետո >> բառակապակցությունը: Այն բանաստեծությունը ավելի է խտացնում: Այն այդքան շատ է կրկնվում, որ նշվի դրա կարևորությունը, որ այդ ամենը կատարվում է ամպրոպից հետո: Եվ որ բանաստեղծության փոխաբերական իմաստը ավելի հասկանալի լինի մյուսներին:

 

  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

 

Բանաստեղծության հիմնական իմաստը արտահայտված է այս տողերում՝

 

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

 

 

  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

 

Բանաստեղծության փոխաբերական իմաստը երևում է այս տողերում՝

 

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

 

Կարծում եմ, որ բանաստեղծության ամբողջ իմաստն այն է, որ եթե փոխաբերական իմաստով գրված << ամպրոպը >> փոխարինենք << կոնֆլիկտի >>, կամ << լեզվակռվի >>, ապա ամեն ինչ պարզ է դառնում:

Оставьте комментарий